Ինչու եկա գեղարվեստ (խոսքի մշակույթ)

Արդեն մի քանի տարի է, ինչ ընտրել եմ ապագա մասնագիտությունս։Իններոդ դասարանն ավարտելուն պես, սկսեցի փնտրել կրթական օջախ, որտեղ կստանայի համապատասխան մասնագիտական կրթություն։Երկար փնտրտունքների մեջ էի, բայց չէի կողմնորոշվում։Եթե անկեղծ, չգիտեի գեղարվեստի ավագ դպրոցի մասին, գիտեի միայն մայր դպրոցի մասին։Այցելեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ-դպրոց վարժարան, ստացա մանրամասն տեղեկություններ կրթահամալիրի մասին։Խոսեցի տիար Գևորգի հետ, ով ծանոթացավ իմ նախասիրություններին ու խորհուրդ տվեց այցելել գեղարվեստի ավագ դպրոց, ծանոթանալ պայմաններին։Մինչ կհասնեմ գեղարվեստի ավագ դպրոց, եղա մեդիակենտրոնում, որտեղ զրուցեցի տիար Բլեյանի հետ ու հենց նրա ուղեկցությամբ էլ առաջին անգամ անցա մեդիակենտրոն-գեղարվեստ ճանապարհը, որը հետո պիտի դառնար իմ ամենօրյա ուղին։Մուտք գործեցի գեղարվեստ ու հասկացա, որ հենց այստեղ էլ պետք է շարունակեմ ուսումս, որովհետև այստեղ ամեն ինչ ներշնչում էր սեր դեպի արվեստ, դեպի թատրոն։Իսկ ուսուցիչները, որոնց հետ զրույցն, անկեղծ էր, անմիջական, մոբիլ ու ստեղծագործ J ինձ ընդունեցին իբրև ընկեր, որն ինձ համար շաաատ կարևոր էր և հենց այդ պահից դարձա սեբաստացի, ով այսօր նման չի հանրապետության ոչ մի դպրոցի աշակերտի իր մտածողությամբ, իր առօրյայով, իր ուսումնական գործունեությամբ։

Լինելով ապագա դերասան՝ ես այսօր առիթներ եմ ունենում շփվել հայտնի դերասանների, ռեժիսորների հետ, ովքեր այցելում են կրթահամալիր ու վարպետության դասեր անցկացնում մեզ հետ, իսկ մենք էլ հաճախ ներկա ենք գտնվում ներկայացումների փորձերին, հետո նաև պատրաստի ներկայացումներին։Իհարկե այս ամենն ուղեկցվում է քննարկումներով, վերլուծություններով, հաճախ նաև բանավեճերով ու այդ ամենի արդյունքում մենք դասեր ենք քաղում կենդանի լեգենդներից։

Սեբաստացի դառնալով փոխվեց իմ կաշկանդված մտածողությունը ու ես դարձա բոլորովին ազատ, համարձակ, կարողացա ինձ դրսևորել այնպիսին ,ինչպիսին կամ, դա նկատեցին բոլորը՝ ընտանիքի անդամները, ինձ շրջապատող մարդիկ։